Մեր նշանաբանը

 

Կոնֆլիկտի էությունը և կառուցվածքը

       Կոնֆլիկտը սոցիալական սուբյեկտների միջև այնպիսի փոխազդեցության հետևանք է, որը բնորոշվում է ցանկությունների, դրդապատճառների, նպատակների, կարիքների և համոզմունքների հակառակ ուղղվածությամբ և հակամարտությամբ:

       Կոնֆլիկտի էության ըմբռնման համար կարևոր է առանձնացնել վերջինիս հիմնական հատկանիշները և առաջացման անհրաժեշտ պայմանները: Բավական է առանձնացնել երկու հիմնական հատկանիշ.

  1. Կոնֆլիկտը միշտ առաջանում է հակառակ ուղղվածություն ունեցող համոզմունքների, նպատակների կարիքների հիման վրա: Այդպիսի նպատակներն ու կարիքները հանդիսանում են կոնֆլիկտի առաջացման համար անհրաժեշտ պայման:
  2. Կոնֆլիկտը միշտ սուբյեկտների սոցիալական փոխազդեցության հակամարտություն է, որը բնորոշվում է միմյանց վնաս հասցնելով (բարոյական, ֆիզիկական, հոգեբանական և այլն):

       Վերը նշվածից կարելի է ձևակերպել կոնֆլիկտների առաջացման անհրաժեշտ և բավարար պայմանները: Կոնֆլիկտի առաջացման բավարար և անհրաժեշտ պայման է.

  1. կոնֆլիկտային իրավիճակը. երբ առկա են սոցիալական փոխազդման սուբյեկտներ` հակառակ նպատակների, ցանկությունների, համոզմունքների ուղղվածությամբ
  2. հակամարտությունը սկսելու առիթ սոցիալական փոխազդման սուբյեկտների միջև:

       Կոնֆլիկտը = կոնֆլիկտային իրավիճակ + առիթ

       Կոնֆլիկտի կառուցվածքը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ` /Նկար 1/.

 

 

       նկար 1 A - կոնֆլիկտի առարկա S1 և S2 - կոնֆլիկտի կողմերը OK1 և OK2 - կոնֆլիկտի առարկայի պատկերները մասնակիցների մոտ /կոնֆլիկտային իրավիճակի/ M1 և M2 - կոնֆլիկտի դրդապատճառները P1 և P2 - կոնֆլիկտող կողմերի դիրքերը

Կոնֆլիկտի սուբյեկներ և կողմեր

       Սուբյեկներ և կողմեր հասկացությունները միշտ չէ, որ համընկնում են: Սուբյեկտը կոնֆլիկտի ակտիվ կողմն է, որը ընդունակ է ստեղծել կոնֆլիկտային իրավիճակ և ազդել կոնֆլիկտի ընթացքի վրա: Կոնֆլիկտի մասնակիցը կարող է գիտակցաբար մասնակցել կոնֆլիկտին և կարող է անկախ իր կամքից ընդգրկված լինել կոնֆլիկտի մեջ: Կոնֆլիկտի զարգացման ընթացքում մասնակիցների և սուբյեկների կարգավիճակները կարող են տեղերը փոխել:

       Կոնֆլիկտի հիմնական մասնակիցները հակամարտության ուղղակի և անմիջական մասնակցողերն են: Իրենց է պատկանում վճռական և ակտիվ դերը կոնֆլիտի առաջացման և զարգացման գործում: Կոնֆլիկտի հիմնական մասնակիցները կոնֆլիկտի մեջ ընդգրկված կարևոր գործող անձիք են և իրենց հետաքրքրությունների հակասություններն են, որ ընկած են հակամարտության հիմքում:

Կոնֆլիկտը և լուծումները

       Մենք ապրում ենք կոնֆլիկտների աշխարհում: Ամեն օր մեզ մոտ եւ մեզանից հեռու բռնկվում են կոնֆլիկտներ առանձին անհատների եւ խմբերի միջեւ, ընտանիքներում, աշխատավայրերում, արշավում ու հանգստի վայրերում, պետություններում ու մայրցամաքներում: Ցավալի hեշտությամբ քայքայվում են մարդկային փոխհարաբերությունները, հեղվում է արյուն:

       Հնարավոր է, որ XXI դարը մարդկությանը առաջարկի այլընտրանք` լինի կոնֆլիկտների լուծման, կամ քաղաքակրթության վերջին դար: Իսկ կոնֆլիկտների մեծ մասը կարելի է փարատել:

       Խաղաղության մշակույթ, կնշանակի կոնֆլիկտների լուծման մշակույթ, ոչ թե անկոնֆլիկտ գոյակցություն, քանզի խաղաղություն, հաշտություն կնշանակի բռնության բացասում, բացասական հույզերի բացակայություն, հանգիստ վիճակ, կոնֆլիկտի բացակայություն, ուրեմն շարժման բացակայություն: Իսկ կոնֆլիկտ կնշանակի oպոնենտների, հակառակ նպատակների, հետաքրքրությունների, դիրքերի, կարծիքների կամ տեսակետների բախում, կամ նպատակներին հասնելու միջոցների հարցում տարակարծություն տվյալ պարագայում:

       Այսպիսով, կոնֆլիկտային իրավիճակը պարունակում է կոնֆլիկտող կողմեր (սուբյեկտներ) եւ կոնֆլիկտի օբյեկտ: Սակայն կոնֆլիկտ ծագելու համար անհրաժեշտ է միջադեպ, երբ կողմերից մեկը սկսում է գործել` սահմանափակելով դիմացինի հետաքրքրությունները:

       Լինելով անհատ, ունենալով տարբեր պահանջմունքներ, ցանկություններ, տեսակետներ և հոգեւոր արժեքներ` մենք ավաղ չենք կարող խուսափել բախումներից: Սակայն դիտել բախումները որպես միայն բացասական, նեգատիվ եւ դեստրուկտիվ երեւույթ, կարծում եմ, ճիշտ չէ: Բանն այն է, թե ինչպես է պետք մոտենալ կոնֆլիկտին: Եթե մարդիկ անհանդուրժողական մոտեցում են ցուցաբերում բարոյական, մշակութային, կրոնական, քաղաքական եւ այլ տարբերություններին, ապա բախումը անխուսափելի է` իր ծանր եւ անկանխատեսելի հետեւանքներով: Իսկ եթե բախումը դիտենք որպես ստեղծագործելու համար ընձեռնված հնարավորություն, ապա վերջինս կարող է ազդեցիկ խթան հանդիսանալ դրական փոխհարաբերությունների եւ առաջընթացի համար: Չնայած, տիրապետել կոնֆլիկտի հաղթահարման հմտություններին, ամենեւին չի նշանակում նրանց ամբողջովին լուծում բոլոր պարագաներում: Ի դեպ, վերջիններս կարող են հնարավորություն տալ ինքնաճանաչման և դիմացինի ճանաչման գործում: Ի±նչ է տեղի ունենում, երբ կոնֆլիկտը լուծվում է ոչ ճիշտ կամ ճնշվում է: Անհատի մոտ ձեւավորվում են տագնապի, անպաշտպանության զգացում, ագրեսիվություն, բացասում, խռովություն, միայնակություն, ցածր արտադրողականություն և այլն:

       Մենք պետք է գիտակցենք, որ մեր վեճերը եւ տարաձայնությունները մեր կյանքի մի մասն ու էությունն են կազմում, ուստի փորձել խուսափել դրանցից, սխալմունք է: Կոնֆլիկտների լուծումը կախում ունի շատ դեպքերում մեր նրբանկատությունից, քանզի այն ներկայանում է շատ թե քիչ ակնառու նշաններով: Անվանենք դրանք "կոնֆլիկտների նախանշաններ":

Կ Ո Ն Ֆ Լ Ի Կ Տ Ն Ե Ր Ի Ն Ա Խ Ա Ն Շ Ա Ն Ն Ե Ր Ը

       ԴԻՍԿՈՄՖՈՐՏ - սա մի ինտուիտիվ զգացում է, որի առկայության դեպքում թվում է` ինչ-որ բան այնպես չէ, չնայած արտահայտել բառերով դժվար է:

       ՄԻՋԱԴԵՊ - նախանշան է այն բանի, որ ամեն մի մանրունք կարող է առաջ բերել ժամանակավոր ալեկոծություն կամ գրգռվածություն:

       ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ - սրանք հաճախ, իրավիճակից կախված, թերի կամ սխալ եզրակացություններ են` առաջացած թերի ինֆորմացիայի պատճառով: Երբեմն էլ թյուրիմացությունները լինում են էմոցիոնալ լարվածության հետեւանք:

       ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ - սա կոնֆլիկտի եւս մեկ նախանշան է: Լարված հոգեվիճակը խեղաթյուրում է ըմբռնումը դիմացինի եւ նրա գործունեության վերաբերյալ: Մեր փոխազդեցությունը ծանրանում է բացասական դիրքորոշումներով և կողմնակակալ կարծիքներով, ձևավորվում են բացասական զգացմունքներ օպոնենտի նկատմամբ« միջանձնային հարաբերությունները դիմացինի հետ դառնում են մշտական անհանգստության աղբյուր: Անհանգստության մեջ գտնվող անձը հաճախ սեփական մտավախությունները սկսում է ներկայացնել որպես դիմացինի ցանկություն: Իրավիճակը նման է չոր փայտի, որը պատրաստ է բռնկման առաջին իսկ կայծից:

       ՃԳՆԱԺԱՄ - բավականին ակնառու է որպես նախանշան` երբ անձը կտրում է իր կապերը գործընկերոջ հետ: Պարզ է, որ մենք գործ ունենք չլուծված կոնֆլիկտի հետ: Բռնությունը, ինչպես նաև կատաղի վեճերը, նույնպես մատնանշում են ճգնաժամի առկայություն: Ճգնաժամի ընթացքում վարքային նորմերը կորցնում են իրենց ուժը` երեւակայության մեջ, իսկ երբեմն էլ իրականությունում, մարդը ունակ է ծայրահեղությունների, որը կարող է արտահայտվել վերջինիս վարքագծում:

       Կոնֆլիկտների լուծման արվեստում առաջին քայլը կոնֆլիկտների նախանշանների և չբացահայտված հնարավորությունների գիտակցումն է: Հարց է ծագում, թե ի±նչն է նախորդում բախման նախանշաններին` դիսկոմֆորտին« միջադեպին, թյուրիմացությանը, լարվածությանը, ճգնաժամին: Դրանք այն տարրերն են, որոնց ավելացման դեպքում կարող է ձևավորվել կոնֆլիկտային իրավիճակ: Պայմանականորեն կոչենք դրանց կոնֆլիկտածիններ:

       Այսպսով, կոնֆլիկտածինները (կոնֆլիկտ առաջացնող տարրեր) կարող են լինել`

       1. էգոիզմը (էգոիզմի դրսեվորում)

  • բնածին
  • ձեռք բերովի
  • իրավիճակային

       2. Ագրեսիվությունը (ագրեսիվ դրսեվորում)

  • բնածին
  • ձեռք բերովի
  • իրավիճակային

       3. Գերակայությունը (գերակայության դրսեվորում)

       Մենք կանգ կառնենք գերակայության դրսևորման վրա, քանզի 1-ինը և 2-րդը բավականին ակնհայտ են որպես կոնֆլիկտ առաջացնող տարրեր (կոնֆլիկտածիններ)£ Գերակայությունը դսեւորվում է հետեւյալ ձևերով`

  • հրամանների, հրահանգների, ցուցմունքների, դիտողությունների
  • խորհուրդների (խոսքը գնում է ոչ մասնագիտական խորհուրդների մասին)
  • փաղաքշանք
  • պաթոսային պատմություն սեփական հաջողությունների մասին

       Այս վերը նշված դրսեւորումները ընդգծում են փոխազդող սուբյեկտներից մեկի գերակայությունը, առավելությունը մյուսի նկատմամբ, ինչը համարվում է բավականին ուժեղ գրգռիչ (կոնֆլիկտածին) դիմացինի նկատմամբ: Այն պահից, երբ մտնում ենք կոնֆլիկտային փոխազդման դաշտ, կամ երբ տեսնում ենք ինչպես է այն մոտենում, մենք կարող ենք գիտակցաբար ընտրել մեր ստրատեգիան (մոտեցումը): Սակայն մենք դա անում ենք ոչ միշտ` հետ գլորվելով դեպի մեզ սովոր ռեակցիաները, սովորույթները` ստացած դեռ վաղ մանկական հասակում: Եթե մարդը ամեն անգամ նույնատիպ է գործում կոնֆլիկտային իրավիճակներում, ապա կարելի է ասել, որ նա ձեռք է բերել " կոնֆլիկտային " սովորություններից մեկը, մոռանալով այն մասին, որ կոնֆլիկտը նոր հնարավորություն է, իսկ ճիշտ լուծումը` ստեղծագործություն:

       Առանձնացնում են կոնֆլիկտների լուծման 5 ճանապարհ (ռազմավարություն).

       Ինչպե±ս ենք մենք վերաբերվում բախումներին.

  • կարող ենք չմասնակցել կոնֆլիկտին եւ հեռանալ - ՀԵՌԱՑՈՒՄ
  • կարող ենք ճնշել մեր մեջ ցավը եւ չպատասխանել – ՃՆՇՈՒՄ
  • կարող ենք գնալ փոքր զիջման, ակնկալելով նույնը դիմացինից - ՓՈԽԶԻՋՈՒՄ
  • կարող ենք ակնկալել հաղթանակ մեզ համար և պարտություն դիմացինիª ՀԱՂԹԱՆԱԿ-ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
  • կարող ենք ակնկալել այնպիսի վիճակ, որ կոնֆլիկտող կողմերը բավարարված լինեն չկորցնելով ոչինչª ՀԱՂԹԱՆԱԿ-ՀԱՂԹԱՆԱԿ£

       Առաջին 4 մոտեցումները համարվում են ռեակցիաներ (հակազդումներ, սովորություններ), որոնք ձեռք են բերվել դեռ մանկական հասակում: Լինելով այդ սովորությունների ներքո, կնշանակի կորցնել ճկունությունը և առաջացնել բարդություններ կյանքում: Դա լինում է այն ժամանակ, երբ մենք փորձում ենք ապացուցել մեր ճշմարիտ լինելը, փոխանակ իջեցնենք մեր ձայնի տոնը, կամ փորձում ենք ձեւ անել, թե ամեն ինչ կարգին է, համատեղ լուծում փնտրելու փեխարեն:

       Եթե այս չորս մոտեցումներին ավելացնենք ևս մեկ ստրատեգիա կոնֆլիկտների լուծման համար (ՀԱՂԹԱՆԱԿ-ՀԱՂԹԱՆԱԿ), ապա մեր շտեմարանում կավելացնենք կարեւորագույն և լավագուն մոտեցումը:

       Համառոտ բնութագրենք յուրաքանչյուր մոտեցումը`

       ՀԵՌԱՑՈՒՄ - ֆիզիկական կամ էմոցիոնալ հեռացման ժամանակ մենք զրկում ենք մեզ կոնֆլիկտի լուծման մասնակցությունից եւ մեզ համար հետագա դրական զարգացումից, ինչը կարող է բացասաբար ազդել մեր հետագա գործունեության վրա: Հարց է ծագում, արդյոք մենք պատժում ենք որեւէ մեկին մեր հեռացումով: Մեր բացակայության ժամանակ ընդիմադիր կողմը կարող է արհեստականորեն ուռճեցնել պրոբլեմը: Մյուս կողմից հեռացումը կարող է լինել նպատակահարմար, եթե կոնֆլիկտը չի վնասում մեր անմիջական շահերը և հետաքրքրությունները և մեր չմասնակցությունը չի անդրադառնում կոնֆլիկտի լուծման վրա: Հեռացումը որպես ստրատեգիա կարելի է օգտագործել նաեւ այն դեպքում, երբ միջանձնային հարաբերությունները ավելի բարձր են դիտվում, քան բուն պրոբլեմը: Հեռացումը կարող է լինել կոնստրուկտիվ քայլ նաեւ ձգձգվող կոնֆլիկտի ժամանակ: Տվյալ իրավիճակում խոսքը գնում է ոչ թե կոնֆլիկտի լուծման, այլ մարման մասին:

       Հեռացման եղանակները`

  • լռություն
  • դժգոհաբար (դեմոնստրատիվ) հեռացում
  • անտեսում
  • անցում գործնական հարաբերությունների
  • բոլոր հարաբերությունների խզում հակառակ կողմի հետ

       ՃՆՇՈՒՄ (ինքնաճնշում) - դիտվում է որպես ստիպված կամ ինքնակամ դիրքերի հանձնում: Ընդունել նման տակտիկա ստիպում են հետեւյալ դրդապատճառները`

  • բարիդրացիական հարաբերությունների պահպանումը օպոնենտի հետ
  • ուժեղ կախվածությունը օպոնենտից:

       Լուրջ կոնֆլիկտի ճնշումը կնշանակի անտեսել բախման կարևորագույն հարցերը, և շատ հաճախ զիջող կողմը կրում է իր մեջ վրեժխնդրության եւ ռեւանշիզմի գաղափարը: ՙԱՄԵՆ ԳՆՈՎ ՍՏԱՑԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ԼԻՆԵԼ՚£ Մյուս կողմից, ինքնաճնշումը կարող է լինել տրամաբանական, եթե միջանձնային հարաբերությունները ավելի կարեւոր են, քան քննարկվող հարցը:

       Ճնշման եղանակները`

  • ընդունել կեցվածք, իբր ոչինչ չի եղել
  • նախատում են սեփական անձին ավելորդ գրգռվածության համար
  • ճնշում են սեփական բացասական հույզերը
  • լցված են վրիժառությամբ

       ՓՈԽԶԻՋՈՒՄ - կոնֆլիկտների լուծման այն եղանակներից է, որը պահանջում է մասնակի զիջումներ կոնֆլիկտող կողմերից, բացի այդ, կողմերը մասնակիորեն ընդունում են դիմացինի արդարացի պահանջը: Այս մոտեցումը պահանջում է որոշակիհմտություններ բանակցություններ վարելու համար: Փոխզիջման բացասական կողմը այն է, որ կոնֆլիկտող կողմերը շատ դեպքերում արհեստականորեն ուռճեցնում են իրենց դիրքերը, հետագայում մեծահոգի երեւալու համար: Այդ պատճառով էլ կոնֆլիկտի լուծման այս տարբերակը պահանջում է մանրակրկիթ ուսումնասիրություն, հակառակ դեպքում բախումը կարող է վերածվել մխացող կոնֆլիկտի:

       ՀԱՂԹԱՆԱԿ-ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ կամ մրցակցություն - տվյալ ստրատեգիան օգտագործվում է ավելի հաճախ, բայց հազվադեպ է, որ հասցնում է տեւական դրական արդյունքի:

       Պարտվող կողմը կարող է չնդունել պարտադրված որոշումը, որը ընդունվել է հակառակ իր կամքին եւ փորձի խոչնդոտել գործընթացի կայացմանը: Նա ով պարտվել է այսօր, վաղը կարող է հրաժարվել համագործակցությունից: Բայց այս տակտիկան անհրաժեշտ է այն դեպքում, երբ անձը, որին տրված է իշխանություն` կարգ ու կանոն մտցնելու նպատակով, դիմացինին չեզոքացնելու համար դիմում է այս քայլին, եթե վերջինս փորձում է վնասել, կամ բռնություն կիրառել ընդհանուրի նկատմամբ:

       ՀԵՌԱՑՈՒՄԸ, ՃՆՇՈՒՄԸ, ՓՈԽԶԻՋՈՒՄԸ ԵՒ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ - այն չորս ամենահաճախ հանդիպող <<կոնֆլիկտային սովորություններն>> են, որոնց գիտակցումը մեզ կօգնի ճիշտ եւ ժամանակին արձագանքել կոնֆլիկտային իրավիճակներին:

       ՀԱՂԹԱՆԱԿ-ՀԱՂԹԱՆԱԿ կամ համագործակցություն - այս մոտեցման առավելությունն այն է, որ երկու փոխազդող կողմերը գտնում են ընդունելի լուծում, ամեն մեկը հասնում է իր նպատակին, ամրապնդվում եւ բարելավվում են հարաբերությունները:

       Այս մոտեցոմը գործնականորեն բացասական կողմ չունի, որը պահանջում է իրավիճակի գիտակցում, բախման լուծման հնարավոր տարբերակների մանրակրկիթ ուսումնասիրում կոնֆլիկտող կողմերի մասնակցությամբ եւ վերջնական լուծման ակնկալում ոչ թե միանգամից, այլ գնալով դեպի ակնկալվող դրական արդյունքը, հաջորդաբար միասին լուծելով այն խնդիրները, որոնք կառաջադրվեն համատեղ գործունեության, ոչ թե մրցակցության ընթացքում:

       Ի±նչ է պետք վերը նշվածին հասնելու համար`

  1. Գիտակցել, հասկանալ, թե ի±նչ պահանջմունք է ընկած դիմացինի ցանկության հիմքում:
  2. Իմանալ, թե որտեղ են կողմերի հակասությունները փոխհատուցում միմյանց:
  3. Մշակել կոնֆլիկտի լուծման տարբերակներ, այլ ոչ թե սեւեռվել մեկ տարբերակի վրա:
  4. Ամեն ինչ անել միասին` ցույց տալով, որ կոնֆլիկտող կողմերը համագործակցողներ են, ոչ թե օպոնենտներ:

       Կոնֆլիկտների լուծման ամենակարճ ճանապարհը դա`

  • ԻՐԱՎԻՃԱԿԻ ԳԻՏԱԿՑՈՒՄՆ Է, ՈՉ ԹԵ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
  • ԿՈՆՖԼԻԿՏԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ` ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ
  • ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՄ ԷԼ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

       Կոնֆլիկտների ժամանակ ստեղծագործական մոտեցումը պրոբլեմը վեր է ածում նոր հնարավորության: Դա նշանակում է տվյալ իրավիճակից առավելագույն օգուտ քաղել(ստանալ):

       Արդյոք ծանոթ են մեզ նման իրավիճակները: Օրինակ`

  • ործը թվում է մեզ անհուսալի եւ վհատեցնում է մեզ
  • խափանվել է շահավետ գործարքը
  • liսեփական գործողությունները խանգարել են ինչ-որ մեկին
  • շատ մեծ անփութություն եք թույլ տվել:

       ՔԱՅԼ I. Ռեակցիա (հակազդում) կամ գիտակցական (գիտակից) արձագանք- երբ գործերը անհաջող են ընթանում, մենք առավել ևս այդ ժամանակ, պետք է ցուցաբերենք ստեղծագործական մոտեցում: Ռեակցիա կամ հակազդում ասելով, մենք ի նկատի ունենք իմպուլսիվ վարք, որը չենք կարող վերահսկել եւ ուրիշ մոտեցում գտնել: Մենք մեր վարքի, հակազդման պատճառը տեսնում ենք դիմացինի մեջ:

       Իսկ գիտակից արձագանք ասելով հասկանում ենք մտածված վարքը, երբ պահպանում ենք ինքնատիրապետում եւ մեզ զգում ենք իրավիճակի տեր:

       Երբ մեր շրջապատում կա մի մարդ, որը հակադրվում է մեր ցանկություններին եւ ջղայնացնող է, մենք կարող ենք գործել այս կամ այն եղանակով`

  • մենք կարող ենք կիրառել փախուստի գործելակերպը
  • կարող ենք սկսել "իրենց սովորեցնել", թե ինչպես ճիշտ վարվել
  • մենք եւս կարող ենք ջղայնանալ
  • մենք կարող ենք մտածել, թե ինչ հակահարված տալ:

       Մյուս կողմից կարող ենք ստեղծագործաբար արձագանքել իրավիճակին եւ փորձել կիրառել բոլոր հնարավոր տարբերակները` կոնֆլիկտը տանելով մեր ուզած հունով:

       ՔԱՅԼ II. Իրավիճակին նայել օբյեկտիվի միջով (օբյեկտիվորեն), այսինքն իրավիճակը տեսնել այնպես, ինչպես կա: Դա բնավ, չի նշանակում, որ այն մեզ պետք է դուր գա, պետք է միայն իրավիճակն ընդունել այնպիսին, ինչպիսին կա ներկա պահին: Իրավիճակի քննարկումը կարող է կործանարար անդրադառնալ մեր օբյեկտիվ նայելու փորձին: Եթե մենք պայքարում ենք ինչ-որ երեւույթի դեմ եւ լի ենք քննադատությամբ, նշանակում է, որ մենք իրավիճակը չենք ընդունում այնպես, ինչպես կա: Եթե իրավիճակը գիտակցվել է, ապա դա զգացվում է: Այդ գիտակցումը կարող է ուղեկցվել հոգոցով կամ նմանատիպ արտահայտություններով`" Դե ինչ, իրավիճակն այդպիսին է, միգուցե արժե ընդունել փաստերը եւ փորձել այլ ելք փնտրել": Երբ պրոբլեմը ընդունվում է, այն դառնում է ավելի լուծելի, եթե ինչ-որ մեկի տրամադրությունը վատն է, այն փոփոխելու ամենակարճ ուղին վատ տրամադրության փաստի ընդունումն է, ճանաչումն է: Որքա±ն ժամանակ ենք մենք վատնում մտածելով, թե ինչքան լավ կլինի դրությունը իդեալականում, այլ ոչ թե ընդունելով այնպես, ինչպես կա (թե ինչպե±ս պետք է վարվեն մարդիկ, ի±նչն ավելի ճիշտ եւ խելացի կլինի...):

       ՔԱՅԼ III. Տվյալ իրավիճակում ի±նչ կարող ենք սովորել. Հարկավոր է փոխել մոտեցումը հետեւյալ կերպ. "Ինչպե±ս պետք է մարդիկ իրենց պահեն"-ից "Այդ օրինակի վրա ես ի±նչ կարող եմ սովորել": Կարեւոր է նշել, որ ստեղծագործական մոտեցումը ամենեւին չի նշանակում առկա դժվարությունների լղոզում, հարթում: Ձեւանալ, որ ամեն ինչ կարգին է, ամեն ինչ հոյակապ է, երբ իրականում այդպես չէ, նույնն է թե փայլեցնել հոտած խնձորը: Դա ընդհանուր ոչինչ չունի ստեղծագործական մոտեցման հետ: Ստեղծագործական մոտեցման դեպքում մենք ընդունում ենք կոնֆլիկտային իրավիճակի վերաբերյալ մեր զգացմունքները, իսկ հետո տեսնում ենք, թե ինչ դաս կարող ենք քաղել դրանից:

       ԱՆԿՈՒՄԸ ԱՅՆՔԱՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, ՈՐՔԱՆ ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԸ. Երեխաները, երբ սովորում են քայլել, երբեմն ընկնելուց հետո արագ ոտքի են կանգնում: Նրանք ժամանակ չեն կորցնում մտածելու, թե որը կլիներ ճշմարիտը: Ինչ վերաբերվում է սխալներին, վերը ասվածից հետեւում է, որ հարկ է նշել սխալները եւ դրանց շտկման ուղիները: Դա կնշանակի, որ ամեն մի սխալ կարող է հիանալի հնարավորություն հանդիսանալ որեւէ նոր բան սովորելու համար:

       Նոր բան սովորելը, յուրացնելը ենթադրում է, որ այն ամենը, ինչը տեղի է ունենում, հարկ է դիտել որպես էքսպերիմենտ:

       ՔԱՅԼ IV ԿՈՆՖԼԻԿՏԸ ՀԱՆԳԵՑՆԵԼ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ

       Ստեղծագործական մոտեցումը պահանջում է տեսանկյան փոփոխում` պրոբլեմը նոր հնարավորության փոխակերպելու համար, նոր սկզբնավորման հասունացում: Դրա համար անհրաժեշտ է.

  • արմատախիլ անել նեգատիվ դիրքորոշումները
  • հետեւել, թե ինչ արտահայտություններ են օգտագործվում խնդրի նկարագրման
  • ժամանակ
  • կապ պաշտպանել գործընկերոջ հետ
  • դրական դատողություններ անել (դինամիկ ինքնաներշնչում)
  • ողջունել եւ ոչ թե ժխտել պրոբլեմը:

       Ստեղծագործական արձագանքը թույլ է տալիս պրոբլեմը վերածել խնդրի, որը լուծում է պահանջում: Ահա դրա բանալիները`

  1. Անհրաժեշտ է ստեղծագործական արձագանք, այլ ոչ թե հակահարված-պատասխան:
  2. Իրավիճակն ընդունել այնպես, ինչպես կա: Չպահանջել ոչ քեզնից, ոչ էլ ուրիշներից լիարժեք ճշտություն եւ կատարելություն: Բայց միաժամանակ չկորցնել փոխվելու ցանկությունը:
  3. Ի±նչ դաս կարող ենք քաղել դրանից: Բաց չթողնել նոր հնարավորությունը:
  4. Պրոբլեմին նայել ինչպես գրավիչ էքսպերիմենտի:
  5. Չեզոքացնել կոնֆլիկտը դրական դատողությունների միջոցով, փոխարինել խոսքի բացասական պտույտները դրականով:
  6. Տարանջատել մարդկանց - պրոբլեմից: Սահմանազատել պրոբլեմը եւ օպոնենտի փոխհարաբերությունները, իրեն դնել դիմացինի տեղը, նայել նրա դիրքից, չենթարկվել սեփական մտավախություններին, պատրաստ լինել պրոբլեմը լուծելուն:
  7. ՈԻշադրություն դարձնել հետաքրքրություններին, այլ ոչ թե դիրքերին: Հարց տալ` "ինչու" եւ "ինչու չէ", փնտրել ընդհանուր հետաքրքրություններ:
  8. Առաջարկել փոխշահավետ տարբերակներ, չփնտրել պրոբլեմի միակ պատասխան, առանձնացնել տարբերակների փնտրումը դրանց գնահատականից, ընդարձակել պրոբլեմի լուծման տարբերակների շրջանը, բացահայտել, թե ինչ է նախընտրում հակառակ կողմը:
  9. Կիրառել օբյեկտիվ չափանիշներ, պատրաստ լինել ուրիշների փաստարկներին:

       Կոնֆլիկտի վերջը իրենից ներկայացնում է կոնֆլիկտի դադարում ցանկացած պատճառով: Ավարտված կոնֆլիկտների ձեւերն են` լուծումը, կարգավորումը, մարումը, վերաճում նոր կոնֆլիկտի: Կոֆլիկտի արդյունքը պայմանավորված է կոնֆլիկտող կողմերի վերաբերմունքով ինչպես միմյանց, այնպես էլ կոնֆլիկտի օբյեկտի նկատմամբ:

       Կոնֆլիկտի կոնստրուկտիվ լուծման պայմանների թվում առանձնացնում են` կոնֆլիկտային փոխաղդեցության դադարում, նպատակներում եւ հետաքրքրություններում ընդհանուրի որոնում, բացասական հույզերի նվազում, օպոնենտի հանդեպ վերաբերմունքի փոփոխություն, կոնֆլիկտի լուծման լավագույն ստրատեգիայի ընտրություն:

 

Ք.Երեւան ՙԱռողջության և կրթության հայկական կենտրոն՚, հոգեբանական ծառայության բաժին, Բեջանյան Ա.Տ.

Հասցե` Նոր Նորքի 1-րդ զանգված, Նանցենի 3, Հեռ.` 091 201-601, 010 63 39 13

Օրացույց

November 2018
M T W T F S S
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 1 2

Նորություններ

No events

Facebook