Մեր նշանաբանը

       Ներկայումս կան բազմաթիվ աշխատություններ վերաբերվող անկարող երեխաներին,որտեղ արտացոլվոմ են վերջիններիս հետ կատարվելիք աշխատանքների բնույթն ու բովանդակությունը, ինչպես նաեւ կիրառման մոտեցումներն ու մեթոդները:Սակայն անհասկանալի է այն փաստը, որ մինչեւ օրս չեն կիրառվել գիտության նվաճումները, կամ կիրառվել են ոչ այն մասշտաբով, որը ցանկալի է:

       Համաշխարային առողջապահության կազմակերպության կողմից առաջարկվել է հետեւյալ դասակարգումը` 1. ախտահարում 2. անկարողություն3. հաշմանդամություն Բնականաբար այս դասակարգումը անիմաստ կլինի, եթե չիմաստավորվի, իսկ ավելի ճիշտ` վերաիմաստավորվի: Այսինքն` ախտահարում` կնշանակի որեւէ օրգան - համակարգի ֆունկցիայի խանգարում, կամ բացակայություն ինչ-որ ազդակի ազդեցության հետեւանքով, որը կարող է ունենալ հոգեբանական դրսեւորում, ինչպես անձի, այպես էլ միջավայրի կողմից անձի նկատմամբ: Անկարողություն` որեւէ օրգան - համակարգի ֆունկցիայի սահմանափակում, կամ բացակայություն, որը կրում է կայուն բնույթ: Այս դեպքում հոգեբանական դրսեւորումները ավելի ակնառու են եւ բուռն: Հաշմանդամություն` հանրությունից մեկուսացված անձնավորություն , որը, ունի որեւէ օրգան-համակարգի ֆունկցիայի կայուն սահմանափակում, կամ բացակակայություն, իր բոլոր հոգեբանական դրսեւորումներով: Կարծում եմ, որ մեր գործունեության կարգախոսը պիտի լինի այն թեզը, որ երեխան, որի զարգացումը դժվարեցված է դեֆեկտի առկայությամբ, ոչ-թե թեր զարգացած է քան իր նորմալ հասակակիցները, այլ երեխա, որն ուրիշ կերպ է զարգացած, քան իր հասակակիցները: Այս մոտեցումը հնարավորություն է տալիս կարեւորել, որ դեֆեկտ ունեցող երեխաները նույնպես համարվում են հասարակության լիիրավ անդամ: Ինչպես Լ.Ս. Վիգոտսկին է ասում` կույր երեխա, դա չի նշանակում նորմալ երեխա հանած տեսողությունը, հոգեբանությունը վաղուց ապացուցել է այն փաստը, որ զարգացման ամեն մի աստիճան ունի իր որակական փոփոխությունը: Հիմնական փաստը, որի հետ մենք հաճախ առընչվում ենք, այն է, որ ամեն մի զարգացում, որը բարդեցված է արատով, ունի երկակի բնույթ` մի կողմից արատը ենթադրում է հանում, սահմանափակում, թուլություն, զարգացման նվազում; մյուս կողմից` այդ իսկ պատճառով, որ ստեղծված են դժվարություններ,խթանվում է զարգացումն ու առաջընթացը: Այսինքն ամեն մի արատ իր հերթին ստեղծում է պայմաններ կոմպենսացիայի եւ գերկոմպենսացիայի ձեւավորման համար: Ուրիշ հարց, թե մենք կկարողանանք զգալ պահը եւ օգտագործել ի շահ զարգացման, թե արդեն դիրքորոշված լինելով, որ արատը արդեն կանխել է զարգացումը, կընպաստենք հետզարգացման գործընթացին:

       Ինչպես բժշկության մեջ կարեւոր է ոչ-թե հիվանդությունը, այլ հիվանդը` այնպես էլ հոգեբանության մեջ շատ կարեւոր է ոչ-թե պրոբլեմը, այլ անձը, որը ծանրաբեռնված է այդ պրոբլեմով: Այսինքն հիմնական փաստը դա երեխայի վերաբերմունքն է իր արատին` ձեւավորված միջավայրի ազդեցության ներքո, ինչը կարող է խթան հանդիսանալ ինչպես դեկոմպենսացիայի, այնպես էլ կոմպենսացիայի եւ գերկոմպենսացիայի համար:

       Երեխան իր արատը անմիջականորեն չի զգում: Ինքը ըմբռնում է այն դժվարությունները, որոնք բխում են արատից: Արատի անմիջական հետեւանքը` երեխայի սոցիալական դիրքի իջեցումն է, որն էլ ըստ Ադլերի առաջացնում է թերարժեքության բարդույթ: Իր հերթին կոմպենսացիան ձեւավավորվում է արատի հետեւանքով, նույնպես անուղղակի ճանապարհով` թերարժեքության զգացման միջոցով: Վերջինս սոցիալական դիրքի հոգեբանական գնահատականն է: Ունենալով թերարժեքության բարդույթ, անձի մոտ սկսվում է ներանձնային կոնֆլիկտ, որը լուծում է պահանջում` կամ համակերպվել իրավիճակի հետ, խորացնել սոցիալական դիրքի անկումը, առաջ բերելով դեկոմպենսացիա, կամ պայքարել դիրքի բարձրացման համար, որը կնպաստի կոմպենսացիայի եւ գերկոմպենսացիայի գործընթացին, օրինակ` օժանդակ դպրոցների շատ երեխաներ հրաժարվում են դպրոցից, որովհետեւ այդ դպրոցը կոչվում է դպրոց հետամնացների համար: Նույն հոգեվիճակն են ունենում այդ երեխաների ծնողները եւ այդ դպրոցի մանկավարժները:

       Ադլերը գտնում է, որ անձի հոգեբանական զարգացումը` դա վերջինիս ձգտումն է գրավել որոշակի դիրք սոցիալական կեցության պահանջների նկատմամբ, ինչը ձեվավորվում է որպես պլանավորված եւ չգիտակցված գործողությունների շղթա, որի վեջնարդյունքը պայմանավորված է սոցիալական հարմարվողականության անհրաժեշտությամբ:

       Այապիսով, արատով երեխայի զարգացման ընթացքը պայմանավորված է սոցիալապես եւ ունի երկակի բնույթ` մի կողմից, դեֆեկտի սոցիալական իրականացում (թերարժեքության զգացում), մյուս կողմից` սոցիալական ձգտումը դեպի փոխհատուցման (կոմպենսացիայի): Այստեղից էլ անցյալի, ներկայի եւ ապագայի նկատմամբ ձեւավորվող երկտիպ հնարավորություններն ու դրսեւորումները: Կոմպենսացիայի հասկացության, որպես զարգացման հիմնական ձեւի հետ միասին մտցնենք նաեւ ՙուղղվածություն դեպի ապագան՚ հասկացությունը, որը կնշանակի` ստեղծել այնպիսի սոցիալական միջավայր, որտեղ անկարող երեխայի բարձր սոցիալական դիրքի ապահովումը կառաջացնի զարգացման խթան վերջինիս համար: Վերը նշվածից երեւում է, եթե արատ ունեցող երեխայի հետ տարվի նպատակաուղղված աշխատանք, չանտեսելով միջավայրի գերակշռող ազեդցությունը, մենք կկարողանանք ապահովել հաշմանդամ երեխաների մոտ կոմպենսացիայի ձեւավորումը, եւ հետագա ներդաշնակ զարգացումը:

       Հաշմանդամ երեխաների ներգրավումը հանրության մեջ ենթադրում է նպատակասլաց գործունեություն, որը բաղկացած է մի քանի փուլերից`

       I փուլ- ՍԻԳՐԵԳԱՑԻԱ - մասնատում փոքր խմբերի, նպատակը` դիագնոստիկ աշխատանք ըստ տարիքի, արատի բնույթի, արատի աստիճանի:

       II փուլ- ԻՆՏԵԳՐԱՑԻԱ - մտցնել միմյանց տարբեր խմբեր, նպատակը` կանխարգելում, վերականգնում, շփման դժվարությունների հաղթահարում: Օրինակ` հանրակրթական դպրոցներւմ բացել հատուկ դասարաններ (Շվեդիա)

       III փուլ- ԻՆԿԼՈՒԶԻԱ (ՆԵՐԱՌՈՒՄ) - ներառումը ապահովում է լիարժեք զարգացում: Օրինակ` երեխային ընդգրկել սովորական դպրոցում, սովորական դասարանում:

       Վերը նշածից պարզ է դառնում, որ անկարող երեխայի հետ տարվող աշխատանքները պիտի իրականացվեն մի քանի ուղղությամբ, համապատասխան երեխայի առաջատար գործունեությանը եւ մերձակա զարգացման գոտուն:

       1991-ից 1998թ հոգեբանական ծառայության կենտրոնում արատով երեխաների հետ տարվող աշխատանքները հիմնականում կրել են հոգեբանական անհատական կոնսուլտացիաների եւ խորհրդատվությունների բնույթ: Վերջինիս ընթացքում նկատվում էին ճանաչողական ոլորտի լայնացում, իմացական գործընթացների զարգացում, իմֆորմատիվ գիտելիքների ձեռք բերում, սակայն միջանձնային հարաբերությունները թե հասակակիցների, թե հասարակության մյուս անդամների միջեւ նուրբ ասած լիարժեք չէին: Բացի արատի ֆիզիկական դժվարությունները առկա էին հոգեբանական պրոբլեմներ, ինչպիսիք էին միայնակությունը, թերարժեքության բարդույթը, ուրիշներին նման չլինելու համախտանիշը, աուտիզմը,որպես հետեւանք առաջացնելով անձի զարգացման համար արատավոր շրջան: Վերլուծելով վերը նշված աշխատանքները, եւ հաշվի առնելով խմաբայն թերապիայի ներգործությունը անձի ձեւավորման եւ ներդաշնակ զարգացման գործում, կենտրոնի հոգեբանական խորհուրդը մշակեց համակարգ, որում անհատական աշխատնքները զուգակցվում եւ լրացվում էին խմբային աշխատանքներով: Կարճ ժամանակահատվածում նկատվեցին ակնահայտ դրական փոփոխություններ երեխայի մոտ: Օրինակ` 1998թ դեկտեմբերից 6 տարեկան Ս.-ի մայրը դիմեց կենտրոն հետեւյալ գանգատներով. երեխան չափազանց կամակոր էր, դյուրագրգիռ, ագրեսիվ,անհանդուրժող, խուսափում էր ինչպես հասակակիցների, այնպես էլ մեծահասակների հետ շըփումից: Բժշկական դիագնոզը` ԴՑՊ , երկկողմանի կոնքազդրային հոդախախտ, միոպատիա, շլություն: Հղիության ընթացքւմ մայրը կրել է ողնուղեղի վնասվածք, առաջի կեսի տոքսիկոզ, 4 ամսական հղիության ժամանակ հիվանդացել է գրիպով, որի պատճառով բուժվել է ստացիոնար պայմաններում (տվյալները ներկայացրել է ինքը` մայրը): Երեխան եղել է ցանկալի, ծնվել է 6.5 ամսվա հղիությունից, երկկողմանի աճուկային ճողվածքով: Կերակրման է տրվել 15-րդ օրը: 2.5 տարեկան հասակում վիրահատվել է առաջի անգամ, իսկ 3.5տ հասակում 2-րդ անգամ աճուկային ճողվացքի վերաբերյալ: ՄԻնչեւ 3.5տ երեխան չի քայլել, խոսելը սկսել է 2տ. հասակում: Ընտանիքում եղել են մշտական կոնֆլիկտներ:

       Հոգեբանական ախտորոշում` երեխան դյուրագրգիռ է, ագրեսիվ, մտավոր ունակությունները չի համապատասխանում տվյալ տարիքային փուլին ( մտավոր հետամնացություն ) կոորդինացիայի խանգարում, մանր մոտորիկայի կոորդինացիայի բացակայում, մեկուսացված երեխա:

       Մեկ ամիս անհատական հոգեբանական աշխատանքից հետո երեխան մտցվեց հասակակիցների փորձարարական սոցիալ- հոգեբանական խումբ: Սկզբնական շրջանում, մոտ 2 ամիս խմբային աշխատանքներին ներկայանում էր մոր մասնակցությամբ: Չունենալով համապատասխան հմտություններ եւ կարողություններ դրեսեւորում է ագրեսիվ վարք հասակակիցների եւ հոգեբանների նկատմամբ: Նպանատիպ վերաբերմունք էր առաջանում նաեւ հասակակիցների կողմից: Մշտական դժգոհություններ էին լինում մյուս երեխաների ծնողներից, ինչը ավելի էր դժվարեցնում հոգեբանների աշխատանքը: Մշակվեց աշխատանքային ծրագիր նաեւ ծնողների համար, որը իրականացվում էր սոցիալ - հոգեբանական տրենինգների միջոցով եւ զրույց քննարկումներ տվյալ խմբի երեխաների հետ: Հետագայում ներգրավվելով խումբ եւ լինելով ուշադրության կենտրոնում, օգտագործվեցին համապատասխան հոգեբանական մասնագիտական մեթոդներ, ապահովելով կոմպենսատոր մեխանիզմների լիակատար դրսեւորումները: Ներկայումս մտավոր հետամնացություն չկա, ի հյատ են եկել բացառիկ երաժշտական, ինտելեկտուալ,ճանաչողական ընդունակություններ` օրինակ, խմբում ամենաառաջինը քառյակը ինքն է յուրացնում, տրամաբանական խնդիրների լուծման պատասխանները տրվում է հստակ, ցանկացած բնագավառում նկատվում է բացառիկ հիշողություն եւ ցանկացած գործողություն կարողանում է պատճառավորել եւ իմաստավորել: Խմբում նա համարվում է էմոցիոնալ եւ ինտելեկտուալ լիդեր: Նույնիսկ ունենալով վերը նշված ֆիզիկական թերությունները, երեխան ակտիվ մասնակցում է եւ սպորտային պարերին, եւ ակտիվացնող խաղերին:

       Բնականաբար ունենք նմանատիպ գանգատներով այցելուներ: Ներկայացնենք եւս մեկ փաստ եւ համեմատենք վերը նշվածի հետ: 1998թ դեկտեմբերին կենտրոն է դիմել Ա.-ի մայրը: Ճծանրաբեռնելով ձեզ փաստերի նկարագրությամբ, նշենք միայն, որ 18 տարեկան Ա.-ի մոտ ստցվել են այն տվյալները, որը պետք է լիներ նախադպրոցական տարիքում ( խոսքը վերաբերվում է մտավոր զարգացվածության աստիճանին): Չնայած օժանդակ եւ գիշերօթիկ դպրոցներում կրթություն ստանալու ապարդյուն փորձերին, անիմաստ կորցնելով 10 տարի, ուսումը փաստացի ոչ մի արդյունք չի տվել: Կենտրոնում 3 ամսվա ընթացքում անհատական, նպատակաուղղված աշխատանքների շնորհիվ նրա մոտ ձեւավորվեցին կարողություններ եւ հմտություններ, որը զարմանք առաջացրեց ծնողների մոտ: Գտնում ենք, որ եթե համապատասխան հոգածություն եւ հետեւողականություն դրսեւորվեր վաղ հասակում, ապա ավելի արդյունավետ կլիներ կոմպենսացիայի առաջացմանը: Նման եզրակացությունը ապացուցվում է նաեւ մեր մնացած աշխատանքներով:

Օրացույց

September 2018
M T W T F S S
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Նորություններ

No events

Facebook